Վահան Տերյան

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Հեքիաթ էր և հմայք և անծիր 
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…
 
Սիրո խոսք և համբույր և խոստում…
-Արբեցեք այս անուշ համերգում,-
Արդյոք մե՞նք, թե՞ խոսքերն են ստում, 
Արդյոք մե՞նք, թե՞ աշխարհն է երգում:
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին - էլ չկան,
Էլ չկան պատրանքները սիրուն:
 
Եվ թախիծ, և տրտունջ, և տանջանք,
-Դո՞ւ ես այն, թե՞ աշխարհն է լացում.-
Խավարի՛ր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Կար մի երգ հեռավոր աշխարհում,-
Դու այն երգն ես կրկնում հեռավոր-
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրում»,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…
 
Եվ այն վալսը - «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին ամայի պուրակում,
Եվ գիշեր, և համբույր, և լուսնյակ…
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել…
 
Պարում են խոլագար խնջույքում,
-Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,-
Ոչ վերջ կա, ոչ սկիզբ այս երգում,-
Երեկ ես, այսօր դու, վաղը նա….
 
Պտտվիր, պտտվիր, կարուսել, 
Ես քո երգը վաղուց եմ լսել...

Яндекс.Метрика