Վահան Տերյան

***

Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում:
 
Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով անխռով - մենակ
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում:
 
Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
-Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ...

Яндекс.Метрика