Վահան Տերյան

ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ

Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում…
 
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջս անխոս դյութական,
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական…
Լո՜ւռ… Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...

Яндекс.Метрика