Վահան Տերյան

ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մենք բաժանված ենք: Օրերի փոշին 
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ:
 
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:
 
Մենք մնաս բարով չասինք իրարու,-
«Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել»:
Մեզ կյանքը նետեց միմյսնցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկ մեկու կանչել:
 
Տարիներ անցան,և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:

Яндекс.Метрика