Վահագն Դավթյան

ՆԱԽԵՐԳԱՆՔ

...Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում, 
Իմ ցավի մեջ ու հույսի կապույտ աստղեր են կաթում:
 
Կապույտի մեջ ու լույսի մեր այն տունն է՝ հնօրյան,
Որի դռնակն էր բուրում որպես աղոթք ու ցորյան:
 
Մեր բարդիները բոլոր արշալույսներ են հագել, 
Զրնգում են օդի մեջ լեցուն ու տաք փեթակներ։
 
Արածանին անեծքի շառաչյունը մոռացել
Եվ ծայրեծայր օրհնություն ու շարական է դարձել։
 
Մեր լեռնաշխարհն է փռված մինչև Սասուն, մինչև Վան, 
Որպես հայացքն աստըծո՝ կապույտ երկինքը վրան:
 
Ծուխ է ելնում շեներից... Ու ծխի մեջ արևոտ
Անուշ բուրմունք կա հացի ու կա մի սուրբ խղճի հոտ։
 
Ֆիդայինները բոլոր լեռներից տուն են դարձել, 
Եվ ափերի մեջ նրանց մաճն է նորից քաղցրացել։
 
Հորովելն է երկարում ճառագայթի պես բարի, 
Խիղճը աստված է նորից ու խոփն է տերն աշխարհի։
 
...Եվ կան ժամեր, կան ժամեր, որ երբ կոպերս եմ փակում
Այդ աստղային պատրանքից ցավիս մեջ ցավ է կաթում։

Яндекс.Метрика