Ամեն ինչից ավելի դու տրվեցիր ինձ կյանքում,
Դու արյան հետ տրվեցիր ու արվեցիր արյան պես...
Դու տրվեցիր որպես ձայն ու տրվեցիր որպես գույն,
Որպես կապույտ տրվեցիր, որ անկումներն իմ չափես:
Դու կանչ եղար մորմոքի, ղողանջ եղար հեռավոր,
Հասկի ոսկե սոսափյուն, աստղի շշուկ եղար դու,
Եղար քարի մեջ նիրհող այն մրմունջը դարավոր,
Որ արթնանում է հանկարծ ու զնգում է Գեղարդում:
Եվ այն ծաղիկը եղար, որ գույն ունի կրակի
Եվ հուրհրում է հանկարծ հրաբուխի շուրթերին...
Մերթ կնոջ տեսք առար դու, մերթ հեռավոր տնակի,
Մերթ օրհնության թևերով ելար ոլորտը վերին...
Եվ այնտեղից ասացիր, որ ինչ-որ տեղ, ներքևում
Ինձ վայրկյանն է սպասում ու գաղտնիքը մերկացող,
Որ ուզածս կգտնեմ արշալույսի ձեռքերում
Ցորենի պես գեղեցիկ ու գեղեցիկ, որպես ցող...
Հիմա աշուն է արդեն, հովերը ցուրտ են ու ջինջ,
Խոտն է մրսում մանկան պես, սարսռում են սեզ ու ցող...
Դու էլ ո՞ւր ես ինձ տանում, դու էլ ո՞ւր ես կանչում ինձ՝
Ցորենի պես գեղեցիկ, գաղտնիքի պես մերկացող...