Վահագն Դավթյան

ԿԱՐՄԻՐ ԲԼՈԻՐ

Ծղրիդը բռնել ամռան արևի հրեղեն մի թել, 
Երգի է փոխում ու հետ առաքում...
Երկրպագության սրբազան դողով ծունկի է իջել 
Մի պղնձաշուրթ, լուսաբառ մի քուրմ...
 
Պղինձ ու բրոնզ... Կռվից են դարձել ռազմիկներն արի,
Ու արծվաքիթ են, թուխ են ու խայտակ,
Հոնքերին՝ փոշի, իսկ հագուստներին դեռ երիվարի 
Երախից պոկված փրփուրներ կան տաք։
 
Նորաթուխ հացի բուրմունք է, օրհնանք, ծփանք է ու ծուխ,
Իսկ գավաթներում գինու բոց ու եռք...
Խրախճանում են ռազմիկներն արի... և հարճերն են թուխ 
Նրանց ծնկներին նազում կիսամերկ։
 
Որտե՞ղ եմ տեսել... Ծանոթ են այնպես այս դեմքերն ամեն, 
Ծանոթ ծիծաղ է ու ծանոթ թախիծ։
Այնպես է թվում, որ եթե երկար ու անթարթ նայեմ,
Կարող եմ գտնել անգամ ինքս ինձ։
 
...Ծղրիդը բռնել ամռան արևի հրեղեն մի թել,
Ձգում է երկար ու հավերժորեն։ 
Չքացած տեսիլք: Ածխացած աղյուս: Ածխացած պատեր:
Կարասների մեջ՝ ածխացած ցորեն:
 
Դարե՞ր են անցել, թե՞ ակնթարթ ու վայրկյան է թևել
Արարատ լեռան լուռ հայացքի տակ...
Եվ մանուկներն են բարձրանում ահա շեկ բլուրն ի վեր,
Ու արծվաքիթ են, թուխ են ու խայտակ:

Яндекс.Метрика