Ռազմիկ Դավոյան

***

Ճերմակ բարձերի խլության մեջ
Խուլ տկտկում է սիրտս վախից.-
-Քեզ ո՞վ է տվել այդքան տագնապ,
Քեզ ո՞վ է տվել այդքան թախիծ:
 
Քեզ ո՞վ անիծեց՝ անհունի մեջ
Ցավի ձեռքերը գուրգուրելու,
Եվ նրա առջև ծունկի եկած
Հառաչելու և աղոթելու:
 
Քեզ ո՞վ օրհնեց, որ ցավը հավետ
Քո լույս ձեռքերը արյունոտի,
Որ դու չթողնես նրան հանկարծ,
Որ զորանալով, մեծանալով
Նա քո մարմինն էլ պատառոտի:
 
Ի՞նչ ես թողել դու, ի՞նչ երազներ,
Ի՞նչ կարոտների, ցավերի բերդ,-
Ո՞վ է կանչում քեզ, ով է կանչում,
Որ տարրալուծի անհունի հետ:
 
Նա՞, որ արցունքիդ քողը հագավ
Ու քո աչքերի մշուշը հեզ,
Եվ հեռացավ ու… և հեռացավ
Ճիշտ երազի և սուտ աստղի պես:

Яндекс.Метрика