Ռազմիկ Դավոյան

ՁԱՅՆԵՐԸ

Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,
Ձայները գուցե բարձրանում են վեր,
Մանուկների պես
Խաղում են փափուկ ամպերի վրա,
Հետո դառնում են աստղային հովեր:
Եվ ազատվելով մարդու կապանքից,
Երջանկանում են տխուր հրճվանքով,
Մարդն ազատվում է իր տառապանքից,
Եվ տիեզերքը լցվում է կյանքով:
 
Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,
Գուցե պահվում են ջրերի խորքում,
Գուցե մտնում են խեցիների մեջ
Մարգարտանալու տենչանքով զնգուն:
Եվ կախարդական ձկների տեսքով
Գուցե աշխարհ են գալիս վերստին,
Ապրում են դարձյալ, կորչում են դարձյալ՝
Կյանք տալով այս նոր խաբկանքին, ստին:
 
Եթե ձայները չեն մեռնում բնավ
Ապրում են ու դեռ
Ապրելու տենչ են տալիս օրերին,
Հազար օրհնությո՜ւն, հազար երանի՜
Եղեգների մեջ հնչող ձայներին:
Հազար օրհնությո՜ւն, հազար երանի՜
Շուշանների մեջ շնչող ձայներին,
Եվ հազար թախիծ ու հազար տագնապ
Գուժկանների մեջ ննջող ձայներին:
 
Եվ քանի որ դու շուշան ես կապույտ,
Եվ քանի որ դու եղեգ ես, օ, քույր,
Եվ եթե ես ձայն ունեմ ապրելու
Թող քո մեջ զնգա իմ ձայնը մաքուր:
Թող քո մեջ ննջի, քո մեջ շնկշնկա,
Թող քեզ աստղային հովերով լցնի,
Գուցե մոլորվի, գուցե հեկեկա՝
Թե մեկը քեզնից հառաչանք փրցնի:
 
Ձայները գուցե չե՛ն մեռնում բնավ,
Ձայները գուցե ծաղկում են անվերջ,
Երբ մենք բոլորս ձայնել ենք արդեն
Տիեզերական խաղաղության մեջ:
Ձայնել ենք: Եվ էլ ոչ մեկս չկանք,
Եվ ողջ աշխարհը դարձել է ահա
Ավեր ձայների ծաղկավառ մի գորգ.-
 
Թեև ձայները չեն մեռնում բնավ,
Բայց նրանց կյանքն էլ ակնթարթ է լոկ:

Яндекс.Метрика