Ռազմիկ Դավոյան

***

Ինչ-որ տեղ հիմա,
Ինչ-որ ժայռերի տաք ողնաշարում
Պահել են գուցե սև ադամանդներ:
 
Դողդոջ ձեռքերով
Բռնելով մութի պարանը հոսուն,
Քայլում եմ անքուն գիշերվա միջով
Եվ հանգույցներ եմ արձակում անվերջ
Սև-ադամանդե շղթաների մեջ
Կանգնեցընելով լուսեղեն մի սյուն:
 
Մութ հանգույցների անվախճան գիշեր,
Իմ պայծառ սիրո հաղթության երազ.- 
Ո՞ւր էր, թե կայիր,
Ո՞ւր էր՝ ծաղկավոր շորերդ հագիդ
Կանգնեիր ուղիղ իմ ճանապարհին
Եվ ամփոփեիր թևերդ վրաս
Ծիածանագույն կամարների պես,
Որտեղից պիտի ես ներս մտնեի
Որպես ուխտավոր ու հավատացյալ
Եվ քո սեփական խորանի խորքում
Համբուրեի... քեզ:

Яндекс.Метрика