Ռազմիկ Դավոյան

***

Ես իմ մանկության հանդերին կանաչ,
Ծառ ու ծաղկունքին խուլ շշնջալով
Ասում էի, թե՝ սեր կբերեմ ձեզ,
Եվ կրծքիս խորքում
Բառերը անուշ զնգզնգում էին
Հեռու-հեռավոր ճամփա գնացող
Խոլ նժույգների զանգակների պես:
 
Ես ասում էի՝ սեր կբերեմ ձեզ,
Կբերեմ, որքան աշխարհն ունենա.-
Խոտերն անշշուկ խոնարհվում էին
Եվ ծաղիկները ժպտում էին լուռ,
Եվ ջրերն իրենց տագնապները հին
Անրջանք էին դարձընում մաքուր:
 
Ես ասում էի՝ սեր կբերեմ ձեզ,
Եվ թիթեռները մեղմ երանությամբ,
Համբուրում էին խոտերը դալար,
Եվ թռչունները ոսկե կտուցով
Ջուր էին բերում
Իրենց սիրասուն ձագերի համար:
Հետո անձրևներ եկան դառնաղի.- 
Բարձր շենքերի խուլ պատերի տակ
Կծկվեց ցրտից տրտմությունն իմ խեղճ,
-Սերն ի՞նչ էր անում, սերն ո՞ւր էր արդյոք,- 
Ու լացեց սիրտս հորդաբուխ ու տաք
Իմ պատառոտված կոշիկների մեջ:
Լացեց, ու թեև հեռու հանդերում
Խոտերը վշտից սև չկապեցին,
Բայց նրանց երգը գուցե թե տխրեց,
Թե մարդիկ ահա դարձյալ խաբեցին:

Яндекс.Метрика