Ռազմիկ Դավոյան

***

Անձրևից ծեծված, հողմից հալածված,
Ծակ տրեխներով գնում էր Աստված,
Ինքը երկնքից իր արտասուքով,
Իր կյանքը, ճամփան պատել էր սուգով:
 
Ինքը գնում էր թեթև ու ներհուն,
Որպես սկիզբն ու վախճանը կյանքի,
Ինքը տանում էր իր մերկ ձեռքերում
Բախտ արարելու
Իր կախարդական լեզվակը զանգի:
 
Եվ գնում էր նա
Լքված ու մենակ աշխարհի կողմից,
Եվ ոչ ոք, ոչ ոք չէր կանչում նրան,
Որ ապաստան տա անձրևից, հողմից:
 
Եվ նույն ժամանակ աշխարհից այս չար,
Պարզված երկնքի անհունները մութ,
Բյուրավոր ձեռքեր իրենց Աստըծուց
Աղերսում էին գորովանք ու գութ:

Яндекс.Метрика