Մետաքսե

ՔԵԶ ԲԱՐԻ ՃԱՄՓԱ

Հասկանում եմ ես, ուզում ես ի՛նքս քեզնից հեռանամ,
Որ իմ տան դուռը դու վերջին անգամ
Ի՛մ ձեռքով փակես,
Եվ արդարանաս հարցումների դեմ,
Թե՝ խաթարվել է բախտդ ի՛մ ձեռքով...
Հին խաղ է, գիտեմ,
Դարիս անազնիվ ու թույլ այրերի
Թղթախաղն է դա...
Ուզածդ ի՞նչ է, երեսի՛ս ասա,
Թե չէ բերում ես, շղթայում վզիս
Հնարումների այնպիսի խրթին
Թակարդներ ու լուծ,
Որ տառապանքի ահավոր ցավից
Ճչում եմ կյանքիս ավերակներին...
 
Ես հասկանում եմ, ուզում ես ի՛նքս ինձնից հեռանամ,
Որ իմ տան լույսը դու վերջին անգամ
Ի՛մ ձեռքով մարես
Ու մեղադրես,
Թե՝ քառատվել է շեմս իմ մեղքով...
Բայց դու բաց արա բոլոր իմաստուն սրտերի առաջ,
Թե ի՜նչ անողոք դաժանություն է մրափում փափուկ
Քո ժպիտների ու ճոխ բարության փետուրների տակ,
Ասա՛ դու նրանց, որ քո մեղքերը զմռսել դրսում,
Ուզում ես հիմա ինձնից հեռանալ
Որպես հալածված մի սուրբ առաքյալ...
Բայց ե՛ս եմ անգութ, ե՛ս եմ իմ վկան,
Որ տարիների դավով ես բերել
Սիրուս այսպիսի խաչված հանգրվան...
 
Հասկանում եմ ես, որ պիտի արդեն ի՛նքս հեռանամ,
Ինքս արցունքի գույները գտնեմ որպես վերջաբան,
Ու յոթնախոցված ինքնասիրության իմ երգը լսեմ
Իմ հոգու ձայնով...
Աշխարհում գուցե սե՛րն է, որ չունի ոսկեհուռ վանդակ,
Չունի ո՛չ շիրիմ, ո՛չ տապանաքար, ո՛չ ժառանգություն,
Եվ վրեժ չունի ու հաշվեհարդար...
Ունի լոկ տխուր պահերին եկող 
Վերադարձություն,
Որպեսզի դառնա մեղավոր հոգու
Եվ ժամանակի միջև հաշտարար...
Հիմա, թե սիրուդ անցյալը քո մեջ
Չի ձգվում որպես թևավոր հեքիաթ,
Չի մղում հոգիդ երազանքների բարձունքները լույս
Ու խանգարում է սիրուդ այն ցոլքին,
Որ ծիածան է հանգուցել սրտիդ կես դափնու վրա,
Քեզ բարի՜ ճամփա...

Яндекс.Метрика