Մետաքսե

ՉԵ՞Մ ՄԱՏՆՈՒՄ ԻՆՁ...

Երգեր էիր գրում դասին,
Ուղարկում ինձ այնպես թաքուն,
Ուր երդում կար սիրուդ մասին,
Սրտիդ մասին այնքան մաքուր:
Ես սիրեցի հոգիդ շիտակ,
Դարձանք ընկեր քանի տարի,
Թվում էր ինձ՝ երկնքի տակ
Լոկ դու էիր ջերմ ու բարի:
 
Ամառներն էլ, երբ կարոտած
Մեկնում էիր հայրենի տուն,
Տալիս էինք իրար սրտանց
Սիրո հազար երգ ու խոստում:
 
Երդումներով այդ սրտաբաց,
Ուզում էինք եկող ձմեռ
Լիներ շքեղ ու երազած
Հարսանեկան խնջույքը մեր:
 
Սակայն եկար դու այս անգամ
Քո նոր ընտրած հարսնացուով,
Ու միամիտ այդ աղջկան
Չեմ էլ ատում, նայում խռով:
 
Քեզ տեսնելիս ուզում եմ ես
Կեղծել, ցույց տալ ինձ միշտ ուրախ,
Թե չեմ սիրում իբր էլ քեզ,
Թե անցածը եղել է խաղ:
 
Թվում է ինձ, որ սերս ծով
Լավ եմ կեղծում, ծածկում քեզնից,
Բայց հենց իմ այդ սուտ խաղերով
Ասա՛, արդյոք չե՞մ մատնում ինձ:

Яндекс.Метрика