Մետաքսե

ԱՅՐԵՐ

Այրե՛ր, ինչո՞ւ եք մեզնից բողոքում,
Երբ մինչև հիմա դուք մարդավարի
Կանանց գուրգուրել չգիտեք կյանքում.
Կնոջ հանդերձանք հանելը նույնպես
Արվեստ է մի նուրբ...
Չեք կարողանում ձեր սիրած կանանց
Այնպես հոլանել, որ փշաքաղվի,
Որ նա հուրհրա, շիկանա սրտում
Ու խենթացնի իր տղամարդուն...
Փորձե՞լ եք մի օր կնոջն հոլովել
Կոճակեղենի արձակումներով,
Օղակների դեմ՝ հարձակումներով,
Ականջօղերի շշնջումներով,
Վարսակալների խճողումներով,
Ցայգազգեստի ծաղկաքաղերով,
Քնքշանքով, խաղով...
Փորձե՞լ եք մի օր զգալ իսկապես,
Թե ձեր մատներով կիսահաղորդիչ 
Ջերմության դիմաց ինչ է փոխանցվում
Կնոջ մարմնին, հոգուն նվաճած,
Երբ ձեր կրակը շաղ տված դրսում՝
Պարտականության պարտքով սպանիչ
Գգվում եք նրանց,
Կայծի փոխարեն պահանջում հրդեհ...
Այրե՛ր մեր դարի,
Դուք մինչև հիմա դեռ մարդավարի
Չգիտեք գրկում կանանց հոլովել,
Սիրով շորորել,
Ձեզնով բոլորել չգիտեք կանանց:
Եվ մերկության մեջ այս մոլորակի
Կանայք կան՝ գալիս, գնում են գոցված,
Ու չեն հասկանում՝ ձե՞ր զոհն են իրենք,
Թե՞ ժամանակի...

Яндекс.Метрика