Համո Սահյան

ՊԱՊԸ

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը, 
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը: 
Իմ պապը մեր գյուղի 
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը 
Մեն-մենակ քարել է: 
Ջրել է իր այգին, 
Ու մարգը բահել է, 
Եվ արդար քրտինքով 
Իր տունը պահել է: 
Իմ պապը վարել է, 
Իմ պապը ցանել է, 
Իսկ հնձի ժամանակ 
Ձեռքի մեջ մանգաղի 
Դաստակը ցավել է: 
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է, 
Ամպի հետ արտասվել, 
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները, 
Զարմանքից քարացել, 
Ամոթից շիկնել է: 
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է, 
Եվ հետո քրտինքը 
Ճակատին պաղել է: 
Եվ պապը ակոսում 
Պառկել ու քնել է, 
Խառնվել այն հողին, 
Որ իրեն սնել է:

Яндекс.Метрика