Համո Սահյան

Արագիլները

Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ, 
Ի՞նչ էին խոսում իրար ականջի 
Արագիլները չվելուց առաջ: 
-ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ: 
 
Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև, 
Ի՞նչ էին խոսում իրար ականջի 
Արագիլները չվելու պահին: 
-ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ: 
 
Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու, 
Ի՞նչ էին խոսում իրար ականջի 
Արագիլները չվելուց հետո: 
-ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ: 
 
Անքուն եղեգներ անձմեռ հեռվի, 
Ի՞նչ էին խոսում արագիլները 
Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ: 
-ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ: 
 
Բուք արտաշնչող լեռնագագաթներ, 
Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած 
Արագիլները ետ գալու պահին: 
-ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ:     

Яндекс.Метрика