Արամայիս Սահակյան

ՀԱՅԱՍՏԱՆ

(Հայոց մեծագույն ուսուցիչները)
 
Զարմանալի՜, հնամենի՜, հիանալի՜ երկիր,
Վանա ծովի, Վայոց Ձորի, Արարատի՜ երկիր:
Շա՛տ ես տեսել դաժան հյուրեր, հյուրասե՜ր ես բայց շատ,
Հայկի, Դավթի, Արտաշեսի և Տրդատի երկիր: 
 
Հի՜ն քաղաքներ, հի՜ն պատմիչներ ու երգիչնե՜ր գողթան,
Մեծն Տիգրան, քաջն Վարդան՝ պահպանիչնե՜ր քո տան, 
Գրի Մաշտոց ու Զվարթնոց, մանրանկար որդան,
Խորենացու, Շիրակացու, Նարեկացու երկիր:
 
Սելջուկ եկավ, պարսիկ եկավ, արաբ եկավ և թուրք,
Ծվեն-ծվեն արեցին քեզ, տարան ավար ու տուրք,
Հետո Արազն ափին տվեց, ժայթքեց զայրույթ ու թուք,
Կոմիտասի, Վարուժանի և Զոհրապի երկիր:
 
Անսեր դարում սեր երգեցին՝ Քուչակ, Սայաթ-Նովա,
Ֆրիկն ընդդեմ դարի ելավ, Թոնդրակեցին ելավ:
Ելան Տարո՜ն, Զեյթո՜ւն, Սասո՜ւն, և Սյունի՜քը ելավ,
Մարզպետունու, Պահլավունու, Դավիթ-Բեկի երկիր:
 
Մեծ ընկերոջ մեծ օգնությամբ հասար բախտին քո մեծ,
Օրհնեց Օրին, Աբովյանը և Թումանյանն օրհնեց,
Ծնվեց Տերյան, Իսահակյան, Համբարձումյան, Չարենց...
Շահումյանի, Անդրանիկի, Բաղրամյանի երկիր:
 
Տուն են գալիս որդիներդ՝ Ոդիսևսի նման,
Աչքերի մեջ օտար ծովեր, հոգիներում՝ Սևան,
Խաչատրյան տվեցիր դու, ապա՝ Մինաս, Սարյան...
Սարոյանի, և Սևակի, և Շիրազի երկիր:
 
Շա՜տ ես լացել, շա՜տ ես թախծել, հիմա ցնծա՜, երգի՜ր,
Բոլոր ցրված որդիների հավատարիմ երկիր,
Այնքան փոքր ես՝ մի համբույրի տեղ ես միայն, երկիր,
Խաղաղության, Երջանկության, Անմահության երկիր:

Яндекс.Метрика