Ավետիք Իսահակյան

***

Նման գայլերի խըմբին ամեհի,
Ձըմռան գիշերին ոռնում է քամին.
Եվ իմ պարտեզում - մռա՛յլ, ամա՛յի,
Խեղճ ուռիներիս ջարդում է քամին:
 
Ա՜խ, մանկուց լացեց քո սերը, սի՛րտ իմ,
Ոչ ո՛ք չհասկացավ երազդ աղվոր.
Զուր մի՛ որոնիր սիրտ իմ մտերիմ,-
Ծնվել է ոգին հավերժ մենավոր:
 
Հանի՛ր քո սերը սըրտիցըդ անհույս,
Այդ խորթ, ապօրեն զավակն աշխարհի,-
Ձգի՛ր այս դաժա՛ն, մո՛ւթ գիշերին դո՛ւրս`
Ցուրտ քամու բերան... թո՛ղ երթա սառի...
 
Թո՛ղ լա, հեծեծա, սերըս` որբ, անմա՛յր,
Եվ քամին լացը նրա թո՛ղ տանի
Ալեկոծ ծովեր, անապատ մի վայր,
Սակայն մարդո՛ւ մոտ... երբեք չըտանի...
 
Ոռնում է քամին, վայում դըժնդակ
Մռայլ գիշերին ձյուն-ձմեռնայնի.
Եվ սերըս ջարդված ուռիների տակ
Մեռնում է մենակ.- թո՛ղ երթա` մեռնի...

1904թ.
Ալեքսանդրապոլ

Яндекс.Метрика